Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից. ՆԳՆ-ն՝ պայթյունի մասին

Ամբողջությամբ այրվել կամ վնասվել են 6 ավտոմեքենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երեկ Երևան–Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռններից արտահոսք հրդեհի բռնկումով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով, դիզելի ցիստեռնը` 8 տոննա և բենզինինը` 12 տոննա։
«Այրվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ, կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, «Zil» մակնիշի բեռնատարի ցիստեռնը, մեկ այլ գազի ավտոցիստեռնի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ»,– նշված է հաղորդագրությունում։
ՆԳՆ–ից հայտնում են, որ ջերմահարվել է նաև «BMW» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը:
Այրվել են նաև լցակայանի տանիքի մոտ 120 քառ/մ կառուցատարրերը, պատուհաններն ու դռները, վնասվել են մոտակայքում գտնվող սառնարանները, այրվել է վարչական շենքի մոտ 150 քառ/մ տանիքը, վնասվել է գույքը։
Իսկ գազալցակայանի հարակից շինանյութի պահեստի հետնամասում գտնվող տարածքում այրվել են մոտ 40 քառ/մ կուտակված թափոններ։
Նշենք, որ հունիսի 6-ին, ժամը 23։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 7 անձ (մեկն անհրաժեշտ օգնություն ստանալով՝ դուրս է գրվել) նրանցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենա։
Գազաբենզալցակայանի պայթյունի դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել 5 հոդվածի հատկանիշներով։