ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը հունիսի 7-ին, ժամը 00։30-ից դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Նշվում է, որ նման որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունը։
Հունիսի 6-ին, ժամը 23։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 7 անձ (մեկն անհրաժեշտ օգնություն ստանալով՝ դուրս է գրվել) նրանցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենա։
Գազաբենզալցակայանի պայթյունի դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել 5 հոդվածի հատկանիշներով։