ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը չի աջակցել Վրաստանից գինու ներմուծման մաքսատուրքերը վերացնելու առաջարկին: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում հայտնել է Ռուսաստանի խաղողագործների և գինեգործների ասոցիացիայի գործադիր քարտուղար Ալեքսեյ Պլոտնիկովը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Մարտին Ռուսաստանի խաղողագործների և գինեգործների ասոցիացիան առաջարկել էր ՆԱՏՕ-ի երկրներից գինու ներմուծման մաքսատուրքերը սահմանել 200 տոկոս և չեղարկել վրացական գինու համար արտոնյալ ռեժիմը։
«Ռուսական շուկա զրոյական մաքսատուրքով ներմուծվող վրացական գինու համար արտոնյալ ռեժիմի չեղարկման մասին մեր առաջարկը հավանության չի արժանացել։ Կառավարությունը պատասխանել է, որ դեռ ժամանակը չէ»,- հայտարարել է Պլոտնիկովը։
Անդրադառնալով ոչ բարեկամական երկրներից գինու 200% մաքսատուրքի առաջարկին Պլոտնիկովը նշել է՝ փոխզիջման տարբերակ գտնելու համար քննարկումներ են ընթանում։
Ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը մայիսի վերջին լրագրողներին ասել էր, որ ֆիննախը անհրաժեշտ է համարում նախ գնահատել մայիսի 1-ից գինու ակցիզային հարկերի բարձրացման արդյունավետությունը, իսկ հետո միայն մտածել ոչ բարեկամական երկրներից գինու ներմուծման մաքսատուրքերի ավելացման մասին:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը անցկացվում է հունիսի 5-ից 8-ը: ՌԻԱ Նովոստին ֆորումի տեղեկատվական գործընկերն է: