ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով կվերադառնա Հայաստան. Միխայիլ Գալուզին

Սերգեյ Կոպիրկին
Միխայիլ Գալուզինն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման մասին խոսք չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՌԴ –ում խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների խզման մասին խոսք չկա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։
«Խորհրդակցությունների համար դեսպանին կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակում է Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը կանչվել խորհրդակցության։ Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք։ Ըստ այդմ` ես կարծում եմ, որ շատ շուտով կարելի է ակնկալել Սերգեյ Պավլովիչի վերադարձը Երևան և նրա պարտականությունների կատարման վերսկսումը»,- ասել է նա։
Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի իջեցման մասին հարցին՝ Գալուզինը շեշտել է, որ դա բացառված է։
«Դեսպանին կանչել են խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել։ Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,– ավելացրել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ կան հակասություններ, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը և Ռուսաստանը իջեցնում են իրենց հարաբերությունների մակարդակը։
Հիշեցնենք` ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Կոպիրկինը մայիսի 24-ին կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների: Հայաստանի ԱԳՆ-ն այս որոշումը չի մեկնաբանել։
Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՀՀ–ում ՌԴ դեսպանին Մոսկվա կանչելու հարցը