ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՆԱՏՕ-ն մշակում է ներխուժումը ՀԱՊԿ երկրներ. օդում սադրանքների թիվն աճում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է «ՆԱՏՕ-ի շարունակվող էքսպանսիան»:
«Հավաքական անվտանգության գոտու հյուսիսային և արևմտյան սահմանագծերում մեծանում է դաշինքի ռազմական ներկայությունը, տեղակայվում են սպառազինության նոր համակարգեր։ Աճում է օդային տարածքում սադրանքների թիվը, անցկացվում են բազմաթիվ զորավարժություններ, որոնց ընթացքում մշակվում է նաև ներխուժում ՀԱՊԿ երկրների տարածք», - ասել է Շոյգուն։
Նա ավելացրել է, որ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը։
Դրա հիմնական պատճառներից նա անվանել է մի շարք երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության քաղաքականությունը, որն ուղղված է միջազգային անվտանգության համակարգի տապալմանը։
«Ակնհայտ է Եվրասիական տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության թատերաբեմ դարձնելու փորձը։ Այդ նպատակին հասնելու համար օգտագործվում է միջոցների ամենալայն զինանոցը, ներառյալ անկախ պետությունների ներքին գործերին ուղղակի միջամտությունը, քաղաքական ճնշումը, շանտաժը, սպառնալիքները, ապօրինի պատժամիջոցները և այլ միջոցները», - ասել է ՌԴ ԱԽ քարտուղարը։
Արևմուտքի տնտեսական ճնշումների ֆոնին, Շոյգուի դիտարկմամբ, ՀԱՊԿ անդամ երկրների համար ավելի արդիական է դառնում ֆինանսական անվտանգության ապահովումը։