Մոսկվայում սպանվել է սքեյթավար Կոստյա «Սվիչը», ՆԳՆ-ն սպանությունը պատվիրված է համարում

Նախնական տեղեկություններով՝ կրակոցներն իրականացվել են ավտոմատ զենքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Մոսկվայի Ալեքսեյ Սվիրիդովի փողոցում գնդակահարել են սպորտային համայնքում հայտնի սքեյթավար 35-ամյա Կոնստանտին Բալիշանսկուն: Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։
Գերատեսչությունում սպանությունը պատվիրված են անվանել։ Դեպքի վայրում այժմ աշխատում են քրեագետները։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները պարզաբանել են, որ մարդասպանը երեք կրակոց է արձակել. առաջինը՝ «փոքր հեռավորությունից, հաջորդ երկուսը ստուգողական են եղել՝ դիմացից»:
Նախնական տեղեկություններով՝ կրակոցներն իրականացվել են ավտոմատ զենքից։
Mash տելեգրամյան ալիքը գրում է, որ սպանվածը Nike SB Ռուսաստան թիմի անդամ էր, հայտնի որպես Կոստյա «Սվիչ»։
Իրավապահների տվյալներով՝ մահացածը բնակվել է դեպքի վայրին մոտ գտնվող բակում։
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության և զենքի ապօրինի շրջանառության հատկանիշներով: