Խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության. Ալիև

Իլհամ Ալիև
Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։. Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ընդունելով թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին:
Նա նշել է, որ երբ Ադրբեջանը դնում է այդ հարցը, չի նշանակում, որ Բաքուն միջամտում է Հայաստանի ներքին գործերին.
«Բացարձակապես ոչ, բայց դա վերաբերում է մեզ։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել այն ժամանակ, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ»,– ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահի խոսքով` Հայաստանը պետք է ամբողջովին հրաժարվի ռևանշիզմի գաղափարներից:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։
Ներկայիս Սահմանադրության նախաբանում նշվում է, որ այն ընդունվել է Անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքների հիման վրա։ 1990 թվականին ընդունված հռչակագիրը որպես հիմնարար սկզբունք մատնանշում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի վերամիավորման մասին որոշումը:
Հիշեցնենք նաև, որ Ալիևը ապրիլի 23-ին հայտարարեց` մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։
Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել խաղաղության պայմանագրի լրամշակված 9-րդ խմբագրությունը