Իրավիճակը կառավարելի է․ Ավանեսյանը` աղետի գոտում համաճարակային վտանգի մասին

Առողջապահության նախարարի կարծիքով՝ Լոռիում և Տավուշում գտնվող մասնագետների միասնական աշխատանքի շնորհիվ է, որ հեղեղումների հետևանքով մինչ օրս առողջական որևէ խնդիր չի առաջացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում աղետի գոտի հայտարարված հատվածներում համաճարակային տեսանկյունից իրավիճակը կառավարելի է, որևէ բռնկում չկա։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ամենօրյա աշխատանք է տարվում․ նախ ջրի հետազոտություններ են իրականացվում, բացի դրանից բակային այցեր են լինում՝ հասկանալու համար, թե մաքրման աշխատանքներից հետո ինչ ռիսկեր կան և ինչ պետք է արվի։ Այս պահի դրությամբ վիճակը կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չունենք։ Կանխարգելիչ աշխատանքները շարունակվելու են, որպեսզի պատկերը նույնը մնա»,- ասաց Ավանեսյանը։
Անդրադառնալով Ալավերդու և Նոյեմբերյանի ԲԿ-ներ, ինչպես նաև որոշ բնակավայրեր իր այցերին` նախարարը շեշտեց՝ թիմը միասնական կերպով աշխատում է ու կարծում է՝ հենց դրա շնորհիվ է, որ առողջական որևէ խնդիր ի հայտ չի եկել։ Ավանեսյանը վստահ է՝ ինֆեկցիաներ կամ այլ խնդիրներ ի հայտ գալու դեպքում համակարգը պատրաստ է և բերված է պատշաճ մակարդակի։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։