ՀՀ նախագահն արտգործնախարարին շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար

Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել երկրի արտաքին քաղաքական կյանքում առկա իրադրությունն ու զարգացումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին արդյունավետ աշխատանքի համար։
«Հավատացեք ինձ, իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ այս դժվարին պայմաններում Դուք կարողանում եք գտնել այն լավագույն ճանապարհները, որոնք Հայաստանին տանում են անվտանգ ապագա»,– ասել է նախագահը։
Շնորհակալություն հայտնելով՝ Արարատ Միրզոյանն ասել է, որ անչափ շոյված է հնչեցված գնահատականների համար:
«Շատ լավ է նաև, որ մենք տարբեր ձևաչափելով բավականին հաճախ ենք հանդիպում և, մեծ հաշվով գաղտնիք չի լինի, եթե ասենք, որ որոշումներն ընդհանուր քննարկումների արդյունքում են կայացվում»,– ասել Միրզոյանը։
Հանդիպման ընթացքում նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել երկրի արտաքին քաղաքական կյանքում առկա իրադրությունն ու զարգացումները: Քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները, դրանց չեզոքացման ուղղությամբ նախարարության և կառավարության կողմից իրականացվող քայլերը:
Մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչության և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցության և օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների և մոտեցումների մշակման կարևորության վերաբերյալ: