ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանցից մեկին երկու օր անընդմեջ փորձել են թմրամիջոց փոխանցել, սակայն ՔԿՀ–ի ծառայողները կանխել են այդ փորձերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
«ՔԿՀ–ի ծառայողները հունիսի 5-ին՝ ժամը 15։25-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ Տ․Խ․-ի անվամբ քաղաքացի Ն․Ա․-ի կողմից բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն, բուսական զանգված»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նույն կալանավորված անձին թմրամիջոցին նմանվող զանգված փոխանցելու փորձ է արձանագրվել նաև նախորդ օրը՝ հունիսի 4-ին, որը նույնպես կանխվել է։
Քաղաքացի Ն․Ա․-ն ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին: