ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Բելառուսը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում համաձայնագիր են ստորագրել ԵԱՏՄ անդամ երկրների բորսաների միջև: Միջազգային փաստաթուղթն ընդունվել է ՊՄՏՀ-ի շրջանակներում։
Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի խոսքով՝ փաստաթղթի ստորագրումը կարևոր է առաջին հերթին այն պատճառով, որ այդպիսի մեխանիզմները կոնտրագենտներին թույլ են տալիս գտնել միմյանց, «փոխանցել» գները, արագ վերաբաշխել ռեսուրսները։
Միության բորսային առևտրի զարգացման հայեցակարգը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները կստորագրեն արդեն 2024 թվականի աշնանը:
Բացի այդ, փոխնախարարը պատմել է, որ Բելառուսի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի բորսաների ներկայացուցիչները պայմանավորվել են ապրանքային շուկայի ինդիկատորների միջազգային համակարգ ստեղծել:
«Ուզբեկստանի Հանրապետական ապրանքահումքային բորսա» ԲԸ աճուրդների կազմակերպման և միջազգային համագործակցության գծով փոխնախագահ Նաբիխոն Սամատովը կարծում է, որ ԵԱՏՄ բորսաների միջև համաձայնագիրը փոխհարաբերությունների զարգացման ուղերձ կդառնա:
«Մենք վստահ ենք, որ այս համաձայնագրի ստորագրումը կծառայի մեր երկրների տնտեսությունների ինտենսիվ զարգացմանը և մեծ ուղերձ կհանդիսանա փոխհարաբերությունների և արտաքին առևտրի զարգացման գործում»,-նշել է նա ՊՄՏՀ-ի ընթացքում:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 5-8-ը: