ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Արհեստական բանականության վրա հիմնված լուծումների արժեքն առաջիկա տարիներին արմատապես կնվազի. ներկայում դրանք շատ թանկ են, և դրանցից տնտեսական արդյունավետություն ստանալը շատ դժվար է։ Այս մասին հայտարարել է «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում արհեստական բանականության արժեքը նկատելիորեն կփոխվի, գինը մի քանի անգամ կնվազի։ Բայց այն զգալիորեն ավելի հասուն կդառնա»,-ասել է նա։
Գրեֆը պարզաբանել է, որ արհեստական բանականության մոդելներն այսօր շատ թանկ են։
Նրա կարծիքով՝ առաջիկա 5-10 տարիներին արմատական փոփոխություններ կլինեն ինչպես արհեստական բանականության որակի, այնպես էլ դրա միջոցով մատուցվող ծառայությունների, և, համապատասխանաբար, այդ ծառայությունների արժեքի մեջ:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՍՊՏՀ) անցկացվում է հունիսի 5-ից 8-ը: ՌԻԱ Նովոստին և Sputnik-ը համաժողովի տեղեկատվական գործընկերներն են։