ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ղազախստանի հետ խաղում դրական արդյունք գրանցելու շատ մեծ ցանկություն ունի։ Նա այդ մասին հայտարարեց նախախաղաղային ասուլիսի ժամանակ։
«Արդեն մեծ մարդ եմ, բայց դեռ այսքան շատ չեմ պարտվել (ծիծաղում է)։ Ես պահանջել եմ, որ մեր բոլոր մրցակիցները լինեն Եվրոյի եզրափակիչ փուլի մասնակիցներ, ասացին, որ այդ դեպքում պետք է խաղերն արտագնա լինեն, ես պահանջել եմ, որ խաղերից գոնե մեկը լինի Երևանում՝ մեր երկրպագուների աչքի առջև։ Շատ մեծ հույս ու շատ մեծ ցանկություն ունեմ, որ վաղվա խաղում դրական արդյունք ունենանք»,– ասաց նա։
Պետրակովն անդրադարձավէ նաև Սլովենիայի դեմ խաղին, որն ավարտվեց Հայաստանի պարտությամբ (2։1)։ Մարզիչը չի համարում, որ հավաքականը ձախողեց առաջին խաղակեսը։
«Պետք է հաշվի առնել, որ մենք հնարավորություն չունեցանք այդ դաշտում նախախաղային մարզում անցկացնելու, քանի որ հորդառատ անձրևից հետո այն պիտանի չէր։ Արդարացնումներ չեմ ուզում փնտրել, բայց ինքներդ էլ գիտեք, որ մեր պաշտպանական գծի 3 խաղացողներ 2,5-3 ամիս չէին խաղացել` Ստյոպա Մկրտչյանը, Նաիր Թիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը։ Եվ երբ չես խաղում, միայն մարզվում ես, դժվար է այդ տեմպին հարմարվելը»,–հավելեց հավաքականի գլխավոր մարզիչը։
Խոսելով առաջիկա հանդիպումների մասին` նա ասաց, որ անկախ ամեն ինչից, բարդ խաղեր են սպասվում։
Հիշեցնենք` Հայաստան - Ղազախստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 7-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Հանդիպման մրցավար է նշանակվել Գոգա Կիկաչեիշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Ախվլեդիանին և Դավիթ Գաբիսոնիան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը: