ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հունիսի 7-ին Հանքավանի «Լուսաբաց» մանկական ճամբարում տեղի կունենա Արցախից տեղահանված ընտանիքների երեխաների համար առաջին ամառային դպրոցի հանդիսավոր բացումը: Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանում Ռուսական տան ռուսաց լեզվի նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան։
Այգուլ Շամսուտդինովա
© Sputnik / Andranik Ghazaryan
Շամսուտդինովան նշեց, որ հունիսի 7-27-ը Հայաստանի տարբեր մարզերից 50 երեխա ամառային դպրոց կհաճախեն: Դպրոցը, նրա խոսքով, կդառնա ոչ միայն ռուսաց լեզվի կատարելագործման վայր, այլև հիանալի ժամանցային հարթակ:
«Մենք դասական դասեր չենք ունենա, փոխարենը՝ պիկնիկներ, պարեր, երգերի ուսուցում և այլն։ Նման ձևաչափն անպայման դուր կգա երեխաներին», - ավելացրեց նա։
Ռուսական մարդասիրական առաքելության առաջխաղացման և արտաքին կապերի առաջատար մասնագետ Արսենի Պրոնինն իր հերթին ընդգծեց, որ երեխաների հետ աշխատելու են պրոֆեսիոնալ մանկավարժներ և հոգեբաններ:
«Ռուսերենի դասերը կանցկացվեն խաղային եղանակով՝ հաղորդակցման հմտությունները զարգացնելու համար։ Ճամբարում կան բոլոր պայմանները առողջ հանգստի համար», - նշեց Պրոնինը։
Արսենի Պրոնին
© Sputnik / Andranik Ghazaryan
Նա ավելացրեց, որ դպրոցի ծրագիրը ներառում է առողջարարական միջոցառումներ, թիմային մարզական մրցումներ և արտ-թերապիա թատերական ձևաչափով՝ հռետորաբանության, դերասանական վարպետության ու երգեցողության պարապմունքներով:
«Սա փորձնական նախագիծ է, որը կարող է մոդուլային դառնալ։ Հերթափոխի արդյունքներով կգնահատենք հետագա աշխատանքի հեռանկարները», - եզրափակեց Պրոնինը։
Նախագիծն իրականացվում է Երևանում Ռուսական տան, Ռուսական մարդասիրական առաքելության աջակցությամբ և ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ֆինանսական մասնակցությամբ: