ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար միասին դիմել ԵԱՀԿ–ին։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մինսկի խմբի կարիքը չկա, այն հիմա չի գործում։ Մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Ինչ վերաբերում է դե յուրեին, ապա իրավաբանորեն այն պետք է լուծարվի, և դա ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը», - ասել է Ալիևը։
Նրա խոսքով` եթե Հայաստանը նախընտրի պահպանել Մինսկի խումբը, կնշանակի, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակվում են:
Ըստ Ադրբեջանի նախագահի` Մինսկի խումբը 28 տարի շարունակ սառեցրել է ղարաբաղյան խնդիրը։
Հիշեցնենք, որ Ալիևը Մինսկի խումբ լուծարելու անհրաժեշտության մասին հայտարարել էր նաև մայիսին ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգի հետ հանդիպմանը։