ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ռուսաստան արտահանվող հայկական մրգի ծավալներն առնվազն 2 անգամ ավելացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ըստ հրապարակված ինֆոգրաֆիկայի` 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 15 363 682 կգ միրգ, մինչդեռ 2023 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 7 394 519 կգ է եղել։
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՀՀ-ից ՌԴ արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների նկատմամբ վերահսկողական միջոցառումներ է իրականացրել կանխելու համար խախտումներով բեռների մատակարարումը Ռուսաստան։ Այդ խախտումներն արձանագրել էր ռուսական վերահսկողությունը նախորդ տարվա նոյեմբերին»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ՀՀ-ից դեպի ՌԴ հայկական մրգերի արտահանումը 2023 թվականի համեմատ 2024 թվականին ավելացել է սահմանային հետևողական հսկողության արդյունքում։
Հայաստանից արտահանվել է ալոճ, արքայախնձոր, բալ, ելակ, կիվի, նուռ, թութ, խաղող, խնձոր, ծիրան, կեռաս, ձմերուկ, շլոր, սալոր, տանձ։