Տղամարդը գումար է տվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին մասնակցելու համար․ ՔԿ

Կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել են նոթատետրեր, որոնցում եղել են սյունյակով գրված անձանց անուններ՝ դրանց դիմաց գումարի չափերի նշագրումներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. 29-ամյա տղամարդը մի քանի անձանց գումար է տվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին մասնակցելու համար և ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հաղորդագրությանը կից ՔԿ-ն նաև խոսակցության ձայնագրություն է հրապարակել, որում խոսվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաներին մասնակցելու համար ոմանց գումարներ բաժանելու, մասնակցության և արված ծախսերի համեմատ դրանց սակավ լինելու մասին։
Ըստ ՔԿ–ի` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ձայնագրության մեջ խոսող և այլ անձանց ինքնությունները։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը) 2-րդ մասով:
Կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող առարկաներ, իրեր, այդ թվում՝ սյունյակով գրված անձանց անուններ՝ դրանց դիմաց գումարի չափերի նշագրումներով նոթատետրեր։
Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Կոտայքի մարզում հաստատված 29-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
ՔԿ-ի տեղեկություններով՝ նրա կազմակերպմամբ մայիսի ընթացքում հավաքներին բազմամարդություն ապահովելու նպատակով առնվազն 4 անձի՝ յուրաքանչյուրին մեկանգամյա մասնակցության համար, վճարվել է շուրջ 5.000 ՀՀ դրամ։
Միջնորդությունը բավարարվել է։ Որոշում է կայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու հիմքով 29-ամյա տղամարդուն ձերբակալելու մասին։
Նախաքննությունը շարունակվում է։