ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել շրջանառության հարկի համակարգին, առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
«Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է մոտիվացիաները ճիշտ ձևակերպել և ընդգծել, որ կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, ըստ որի Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել։ Նա ընդգծել է, որ այն դեֆորմացնում է տնտեսությունը, հարկային համակարգը, ստեղծում է տնտեսական անառողջ միջավայր: Փաշինյանի խոսքով` այն պետք է իրականացնել փուլային տրամաբանությամբ և գնալ միասնական մեկ հարկային համակարգի»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նաև ծավալվել է քննարկում հարկային քաղաքականության հարցերի շուրջ:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում հավանություն է տվել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հանրային քննարկման փուլում արդեն իսկ արժանացել էր գործարարների և ոլորտի մասնագետների բուռն քննադատությանը։ Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկը կրկնակի կբարձրանա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, թե շրջանառության հարկի համակարգը արտոնյալ լինելու փոխարեն խանգարում է տնտեսության աճին՝ գործարարները զսպում են իրենց բիզնեսի աճը՝ նախանշված շեմը չգերազանցելու ու հարկային արտոնությունից չզրկվելու համար։