ԱՊՀ երկրներում շարունակում է աճել հետաքրքրությունը Ռուսաստանում կրթություն ստանալու նկատմամբ։
Ավելին, որոշ երկրներում ռուսական քվոտաներով մրցույթը հասնում է 1 տեղի համար 8 դիմորդի։
Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում «Sputnik на русском»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը։ Ընդ որում, նա հավելել է, որ այս տարի Հայաստանին 270 տեղ է հատկացվել ռուսական բուհերում։
«ԱՊՀ երկրները միշտ քվոտաների առաջին տեղերում են, որոնք Ռուսաստանի Դաշնության կառավարությունը տրամադրում է օտարերկրյա պետությունների համար։ Այնտեղ ներկայացված են նաև Հայաստանը, Ադրբեջանը` 250-270 քվոտայով։ Այնպես որ, մենք աշխատում ենք։ Երբ քվոտաների կրկնակի ավելացում եղավ` 15-ից մինչև 30 հազար, մենք այդ առումով ԱՊՀ երկրներին նույնպես բավական զգալի չափով քվոտա ավելացրեցինք»,-նշել է Շևցովը։
Ինչ վերաբերում է ռուսական կրթության նկատմամբ հետաքրքրությանը, ապա, նրա խոսքով, այն ինչպես եղել է, այնպես էլ մնում է առավելագույնս պահանջված: Հատուկ պահանջարկ ունեցող մասնագիտություններն են բժշկությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, վերջերս աճում է հետաքրքրությունը գյուղատնտեսական մասնագիտությունների նկատմամբ:
«Աճող հետաքրքրություն ենք տեսնում տրանսպորտային բուհերի նկատմամբ և զարգացնում ենք տրանսպորտային ցանցը` կապված այն բանի հետ, որ ԱՊՀ շատ երկրներ հետաքրքրված են Հյուսիս-Հարավ միջանցքի և մի քանի այլ միջանցքների կառուցմամբ»,-ընդգծել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալը:
Նա նաև առանձին անդրադարձել է ԱՊՀ երկրներից ռուսական բուհեր դիմորդների ընդունելության գործընթացի առանձնահատկություններին: Հիմնական առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն մնացած բոլոր երկրների, ԱՊՀ դիմորդների համար իրականացվում է պրոկտորինգ (գիտելիքների օբյեկտիվ գնահատման տեխնոլոգիա- խմբ.):
«Մենք դիմորդներին թեստավորում ենք, քննում ենք, իհարկե` ռուսերենի տեսանկյունից, ինչպես նաև այն մասնագիտությունների, որոնք նրանք ուսումնասիրելու են։ Ինչի՞ համար ենք դա անում։ Նախ, ընտրում ենք լավագույններին։ Եվ երկրորդ հարցը կա։ Քանի որ մրցույթը բավականին մեծ է, դա ուսանողների քիչ թե շատ օբյեկտիվ ընտրություն է պահանջում։ Որպեսզի հետո ոչ մեզ մոտ հարցեր առաջանան, ոչ էլ արտերկրում այդ երեխաների և նրանց ծնողների մոտ, թե ինչու այս երեխային վերցրին, մյուսին մերժեցին»,-եզրափակել է Շևցովը։
Ռուսաստանում ընթանում է Սանկտ Պետերբուրգի 27-րդ միջազգային տնտեսական համաժողովը: Այն ավանդաբար հավաքում է տնտեսության, բիզնեսի և քաղաքականության ներկայացուցիչներին։ Այս տարի միջոցառման կենտրոնական թեման է «Բազմաբևեռ աշխարհի հիմքը. աճի նոր կետերի ձևավորում»: ՊՄՏՀ-ի գլխավոր իրադարձությունը կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ լիագումար նիստը: Համաժողովը կշարունակվի մինչև հունիսի 8-ը: