ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Քարկոփ գյուղում կետային ջրահեռացման և էլեկտրամատակարարման վերականգման աշխատանքներ կիրականացվեն։ Այս մասին Ալավերդու համայնքապետարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։
Նշենք, որ Քարկոփն ամենաշատ է տուժել հեղեղումից, առաջին օրն այն ամբողջությամբ ջրի տակ էր անցել։
Ղազարյանի խոսքով՝ քանի դեռ տներից ջրահեռացումն ամբողջությամբ չի կատարվել, ընդհանուր էլեկտրամատակարարման մոնտաժը նպատակահարմար չէ։ Նա նշեց, որ նախատեսված է Մ-6 միջպետական ճանապարհից ջրագիծ անցկացնել, որպեսզի բնակիչներին մի քանի կետում հնարավոր լինի ջրով ապահովել։ Այսօր կամ վաղն այդ աշխատանքները կավարտվեն։ Վստահեցրեց՝ այս պահին ջուր մատակարարում են, թեև ոչ ուղիղ խողովակաշարով։
Խոսելով Ախթալայի մասին՝ մարզպետը նշեց՝ այնտեղ ժամանակավոր կամուրջ է կառուցվել մարդատար մեքենաների համար, հետիոտնի համար էլ կախովի կամուրջ կտեղադրվի։
«Որոշ կամուրջներ կկառուցվեն ոչ թե հին տեղում, այլ կտեղափոխվեն։ Կառուցվելու են հենակետային կառույցներ, մաքրվելու են գետերը»,– ասաց մարզպետը։
Ղազարյանը նաև ընդգծեց, որ ջրհեղեղից տուժած բոլոր համայնքներում գույքագրման աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։