ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակում «Կոնտուր» մասնագիտացված կոնստրուկտորական բյուրոյի և «Ինտերլիզինգ» լիզինգային ընկերության միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել` առանց թուղթ օգտագործելու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«ՊՄՏՀ-ի պատմության մեջ առաջին անգամ ստորագրման գործընթացն ամբողջությամբ առցանց է իրականացվել՝ առանց թուղթ օգտագործելու... Ստորագրողներից յուրաքանչյուրն օգտվել է սեփական էլեկտրոնային ստորագրությունից։ Գործընթացը 2 րոպե էլ չի տևել», - գործակալության թղթակցին ասել են «Ինտերլիզինգում»։
Ընկերությունները մտադիր են համատեղ աշխատել արտադրանքի թվային փոխակերպման, գործընթացների օպտիմալացման ուղղությամբ։ Փոխգործակցությունն ուղղված կլինի ժամանակակից գործիքների կիրառմամբ բիզնես գործընթացների օպտիմալացմանը։ Համագործակցության առանցքային ասպեկտներից է լինելու փորձի, գիտելիքների, ինչպես նաև մեթոդաբանական տեղեկատվության փոխանակումը:
«Հաճախորդների թվային սպասարկման մասնաբաժնի ավելացումը «Ինտերլիզինգի» հիմնական խնդիրներից է։ Այժմ մենք տեսնում ենք, որ հաճախորդի ընտրության վրա ազդում են ոչ միայն ծախսերը, այլև գործընթացների արագությունն ու արտադրողականությունը: «Կոնտուր» մասնագիտացված կոնստրուկտորական բյուրոյի հետ համագործակցությունը «Ինտերլիզինգին» թույլ կտա օպտիմալացնել բիզնես գործընթացները, ժամանակակից նորարարական լուծումներ ներդնել», - ասել է «Ինտերլիզինգի» գլխավոր տնօրեն Սերգեյ Սավինովը:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը մեկնարկել է այսօր և կտևի մինչև հունիսի 8-ը: ՌԻԱ Նովոստին և Sputnik-ը համաժողովի տեղեկատվական գործընկերներն են։