ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ) ավանդաբար մեծ հետաքրքրություն է առաջացնում բիզնեսի ներկայացուցիչների շրջանում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Համաժողովն ավանդաբար մեծ հետաքրքրություն է առաջացնում ինչպես տեղական բիզնեսի ներկայացուցիչների, տարածաշրջանային ղեկավարների, իշխանության տարբեր մարմինների ղեկավարների, այնպես էլ օտարերկրյա ձեռնարկատերերի շրջանում», - ասել է Պեսկովը լրագրողներին:
Նա նշել է, որ պետք է վերլուծել համամասնական կազմը, հասկանալ, թե համաժողովի մասնակիցներից քանիսն է օտարերկրացի, քանիսը ռուս:
«Հետաքրքրությունը մեծ է։ Իհարկե, բոլորը սպասում են լիագումար նիստին, նախագահի ելույթին, նախագահի մասնակցությամբ քննարկումներին։ Դա ավանդաբար մեծ հետաքրքրություն է առաջացնում», - ավելացրել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինը ՊՄՏՀ-ի շրջանակում կհանդիպի միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ, բաց ռեժիմով ազատ զրույց կլինի:
Խոսելով այս տարվա համաժողովի գաղափարախոսության մասին՝ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը զարգանում է համաշխարհային միջինից բարձր տեմպերով, նա կողմ է իրավունքի վրա հիմնված գործարար համագործակցությանը և դա առաջարկում է շահագրգիռ երկրներին և գործարարներին:
Ռուսաստանում ընթանում է Սանկտ Պետերբուրգի 27-րդ միջազգային տնտեսական համաժողովը: Այն ավանդաբար մեկտեղում է տնտեսության, բիզնեսի և քաղաքականության ներկայացուցիչներին։ Այս տարի միջոցառման կենտրոնական թեման է՝ «Բազմաբևեռ աշխարհի հիմքը աճի նոր կետերի ձևավորումն է»: ՊՄՏՀ-ի գլխավոր իրադարձությունը կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ լիագումար նիստը: Համաժողովը կշարունակվի մինչև հունիսի 8-ը: