ՀՀ-ի քայլերը կարող են անհնար դարձնել միասնական պաշտպանական համակարգի ստեղծումը․ ՌԴ ԱԳՆ

Միխայիլ Գալուզին
Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Երևանի չմտածված որոշումները զգայուն տեղեկությունների հասանելիություն կտան Արևմուտքի ներկայացուցիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի գործողությունները կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ այլ երկրների հետ միասնական պաշտպանական համակարգի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքին վերադառնալը: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ Երևանը կարծես ցանկանում է օգտվել այն պահից, երբ Արևմուտքը մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում փոխգործակցության ուժեղացման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:
«Սակայն չմտածված որոշումները, որոնք տվյալների ազգային բազաների ու երկրի անվտանգության համար զգայուն տեղեկատվության լիակատար հասանելիություն կապահովեն Արևմուտքին, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի գծով մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական համակարգի ստեղծման համատեղ աշխատանքին վերադառնալը»,- ընդգծել է ԱԳ փոխնախարարը:
Գալուզինը նաև վստահ է, որ առաջին հերթին հայ ժողովրդի շահերից է բխում, որ Հայաստանը լիարժեքորեն մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, և այդ մասնակցությունը նպաստում է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղության և կայունության պահպանմանը: Եվ ինչ էլ խոստանան Երևանին ավելի ու ավելի սիրաշահող արևմտականները, ՀԱՊԿ-ի՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի գործուն այլընտրանք այսօր չկա։
Ինչպես նշել է դիվանագետը, Ռուսաստանն իրապես շահագրգռված է, որ Հարավային Կովկասի հարևանները կայուն խաղաղություն հաստատեն, իսկ Արևմուտքի նպատակներն արմատապես հակառակ բնույթ են կրում: Հիմնական խնդիրներից մեկը Եվրասիայում ինտեգրման գործընթացների խափանումն է, ընդհանուր ինտեգրացիոն նախագծերը՝ ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն։ Այդ նպատակին հասնելու համար Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պատրաստ են ցանկացած քայլի` ներառյալ Ռուսաստանի հարևան պետություններում ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի ապակայունացման։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։