ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պատրաստ է դիմավորել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, եթե նա ոչ որպես քաղաքական գործիչ գնա Սյունիք։ Այս մասին Ղուկասյանն ասաց Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Եթե այնտեղ լինեմ, ու եթե սրբազանն այնտեղ գա որպես սրբազան, ոչ թե որպես քաղաքական գործիչ, կդիմավորեմ։ Ես եկեղեցու հանդեպ մեծագույն հարգանք ունեմ, գա այդ պահը, կորոշենք»,- ասաց Ղուկասյանը։
Նշենք, որ վերջերս Բագրատ սրբազանը հայտնել էր՝ պետք է մարզեր այցելեն, քանի որ այնտեղ էլ անելիք ունեն։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցներն այսօր մեկնել են Գեղարքունիքի մարզ։ Սոթքում հանրահավաք է սպասվում։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։