ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Այսօր ԱԺ–ում ՔՊ–ական պատգամավորները Հայ առաքելական եկեղեցու հետ լարվածության ֆոնին հարց բարձրացրին, թե ի՞նչ բյուջե է նախատեսված «Շողակաթ» հեռուստաալիքի համար, որը ներկայացնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի ֆիլմարտադրող կառույցը` «Շողակաթ» ՍՊԸ–ն։
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին ՔՊ–ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը հարց ուղղեց , թե «Շողակաթ» հեռուստաալիքի գովազդներից ինչ բյուջե է գոյանում և որքան հարկ է վճարում հեռուստաալիքը։
Շիրինյանը նշեց, որ «Շողակաթ» կրթամշակութային ալիքին Հանրային հեռարձակողի խորհրդը տրամադրում է տարեկան 206 մլն դրամ , որից 22 մնլ դրամը ավելացված արժեքի հարկն է, ևս 72 մլն դրամ հեռուստաալիքը հեռուստացանցին վճարում է հեռարձակման համար և մնացած մոտ 110 մլն դրամը Հանրային հեռարձակողի խորհրդի պատվերով մշակութային, կրթական ճանաչողական հաղորդումներն են ստեղծվում, որն իրականացնում է «Շողակաթ» ՍՊԸ–ն։ ՍՊԸ–ն ապահովում է հեռուստաընկերության շենքային պայմանները , տեխնիկական հագեցվածությունը։
«Այդ գումարը սարսափելի փոքր գումար է որևէ հեռուստատեսային գործունեություն իրականացնելու համար, անհրաժեշտ մնացած գումարը լրացվում է «Շողակաթ» ՍՊԸ–ի կողմից»,–ասաց Շիրինյանը։
Դրանից հետո Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշեց, որ 2015 թվականից մինչ օրս Հանրային հեռուստաընկերության բյուջեն փոփոխության չի ենթարկվել (որը մեծ խնդիր է)` սկսած տեխնիկայի թարմացումից, վերջացրած աշխատավարձերով։
Այս ամենի ֆոնին ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ հարց բարձրացրեց, թե չի՞ լինի` Հանրային հեռարձակողի խորհուրդն այդ 206 միլիոնը տա Հանրային հեռուստաընկերությանը, որն էլ կհարստացնի իր մշակութային, կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ կտա ու «Շողակաթի» հարցը ընդհանրապես կփակվի։
«Ես չեմ հիշում, երբ եմ վերջին անգամ նայել այդ ալիքը, վիճակագրություն կա՞, թե քանի հոգի են ընդհանրապես նայում «Շողակաթ», դրա նպատակահարմարությունը ինչ-որ կերպ ստուգվե՞լ է»,-ասաց Թորոսյանը։
Շիրինյանն էլ արձագանքեց, որ չնայած այդ հարցը շատ են տալիս, սակայն դա օրենքի պահանջ է, որ հանրային հեռուստաալիքն ունենա կրթամշակութային բաժին։
«Հանրային հեռուստաընկերության բյուջեն 6 մլրդ է։ Եթե մենք ունենք լրացուցիչ 6 մլրդ, կարող ենք զրոյից ստեղծել ալիք, բացի այդ, պետք է շենքն էլ կառուցվի։ Իսկ Ձեր նշած 206 միլիոնը ընդհանրապես թիվ չէ որևէ ալիք պահելու համար»,–ընդգծեց Շիրինյանը։
Անդրադառնալով «Շողակաթ» հոգևոր-մշակութային հանրային ալիքի գոյության կարևորությանը` Շիրինյանը ընդգծեց, որ համաձայն է` բոլորի ճաշակը հնարավոր չէ բավարարել, բայց այն, ինչ հեռարձակվում է հանրային հոգևոր-մշակութային եթերով, մշակութային է, հանրօգուտ և կրթական։
«Ցավոք սրտի, հասարակական տրամադրությունները և քաղաքական բևեռացվածությունը հասարակության մեջ նաև թույլ չեն տալիս, որ մարդիկ սպառեն մշակույթ, կրթվեն, թեկուզ մեծահասակները, ոչ միայն երեխաները, և, միանշանակ, այդ հանրօգուտ բովանդակության պահանջը միշտ ավելի մեծ է»,–ասաց նա:
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆոնին, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 21-ին հայտարարեց, որ պետք է քննարկվի Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու հարցը։
Նշենք, որ ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, այլև 2024թ–ի առաջին եռամսյակի տվյալներով` 488–րդն է 1000 հարկ վճարողների ցանկում։ Եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով: