Արցախցիները կկարողանան անվճար պատրաստվել միասնական և ավարտական պետական քննություններին

Ծրագիրը լինելու է 6 ամիս տևողությամբ, դասընթացները կազմակերպվելու են 4 առարկայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. 10-12-րդ դասարաններում սովորող արցախցիները, որոնք պատրաստվում են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ, կարող են անվճար պատրաստվել միասնական և ավարտական պետական քննություններին։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կրթական նոր ծրագիր է սկսել, որի նպատակն է մեղմել Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները։
Ծրագիրը 6 ամիս տևողությամբ է, կմեկնարկի հուլիսին և կավարտվի դեկտեմբերին: Դասընթացներն անցկացվելու են շաբաթական երկու անգամ՝ երկու ժամ տևողությամբ։ Ծրագրում ընդգրգված է 4 առարկա՝ հայոց լեզու, հայոց պատմություն, անգլերեն, մաթեմատիկա։
Միությունից տեղեկացնում են, որ դասընթացավարները կանցկացնեն հարցազրույցներ՝ շահառուներին ընտրելու համար։ Դիմում-հայտը կարելի է լրացնել մինչև հունիսի 25-ը` անցնլով այս հղումով։
Հիշեցնենք` վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։