Ալեն Սիմոնյանի հարսի գործը կարճվել է

Ալեն Սիմոնյանը եղբոր և նրա կնոջ հետ
Դատախազությունից հաստատել են, որ առևտրային կազմակերպության 5 աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գևորգյանի գործը կարճվել է։ Տեղեկությունը հայտնում է Armlur.am–ը` հղում անելով դատախազությանը։
«Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավար Անի Գևորգյանը կալանավորվել էր էկոնոմիկայի նախարարության հետ առնչվող կոռուպցիոն գործի շրջանակում և կարճ ժամանակ անց ազատ արձակվել։
«Ալեն Սիմոնյանի հարսը ընդունել է մեղքը և իր փաստաբանի միջոցով խնդրել է դատախազությանը գործուն զղջման հիմքով կարճել հարուցված վարույթը»,– գրում է լրատվամիջոցը:
Դատախազությունից հայտնել են, որ նույն հիմքով դադարեցվել է նաև առևտրային կազմակերպության աշխատակիցներ Լ.Մ.-ի, Ա.Ս.-ի, Ա.Ի.-ի և Ս.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը։ Իսկ էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարված չլինելու հիմքով:
Հիշեցնենք` հունվարի 31-ին խուզարկություններ էին կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում։ Ըստ ՔԿ-ի` պարզվել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից:
Վարույթի շրջանակում ձերբակալել էին 7 անձանց, այդ թվում` Անի Գևորգյանին, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանին ու ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին, որոնք ավելի ուշ կալանավորվեցին։11 օր անց դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխեց քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալների՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի (Անի Գևորգյան) և Լ.Մ.-ի (Լիլի Մկրյան) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:
Գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն. «Սիներջիի» տնօրենի խափանման միջոցը փոխվել է