ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Հայեցակարգային աշխատանքներն իրականացվեցին ակադեմիական քաղաքի պատկերացումը և հայեցակարգն ամրագրելու համար: Մենք նաև ունեցանք առաջին պայմանագրերը: Այս պահին արդեն պարզ է, որ հուլիսին կունենանք գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով` զուգահեռաբար շրջանառվում են մի քանի նախագծեր, որոնք հնարավորություն են տալու պայմանագրեր ունենալ տրանսպորտային նախագծի հետ կապված` քաղաքի ամբողջական կառավարման, քաղաքաշինական զարգացման ուղղություններով:
Նախարարն ընդգծեց, որ բոլոր այս ուղղություններով նախարարությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ:
«Աշխատանքների ընթացքը ցույց է տալիս, որ ակադեմիական քաղաքի ուղղությամբ մենք բավականին որակյալ նախապատրաստական փուլում ենք, որը նաև իրականացման շատ լուրջ հիմքեր է դնում այս մեծածավալ ծրագրի համար»,- ասաց Անդրեասյանը:
Հիշեցնենք` իշխանությունը նախատեսում է ակադեմիական քաղաք տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։
Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը։