Աղետից հետո բենզինի և դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը հասել է «Այրում» կայարան

Աղետից հետո բենզինի և դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը հասել է «Այրում» կայարան
Նախարարը նշել է, որ արդեն հնարավոր կլինի ոչ միայն բենզինը, այլև երկաթուղով Հայաստան եկող մյուս բեռները հասցնել մինչև «Այրում» կայարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Աղետից հետո՝ այսօր առավոտյան արդեն, Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը հասել է «Այրում» կայարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Կայարանում բենզինն ու դիզելը դատարկվում է վառելիք տեղափոխող բեռնատարների մեջ, որոնք էլ արդեն նորոգված կամրջով բենզինը տեղափոխում և մատակարարում են հանրապետության տարբեր շրջաններ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Նախարարը հիշեցրել է, որ կարճ ժամանակում հաջողվել է երկաթուղային հին կամուրջը վերափոխել տրանսպորտային միջոցների համար կամրջի, որն այսօր արդեն պատրաստ է և ծառայում է նպատակին։
«Այս եղանակով մեզ կհաջողվի ոչ միայն բենզինը, այլև երկաթուղով Հայաստան եկող մյուս բեռները հասցնել մինչև «Այրում» կայարան, այնտեղից արդեն բեռնատարներով տեղափոխել»,–նշել է նա։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ