ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Աղետի գոտում խմելու ջրի մեջ ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մշտադիտարկման արդյունքները փաստում են` այժմ չեզոքացված են նաև աղետի առաջին օրերին խմելու ջրում ի հայտ եկած սանիտարական շեղումները»,- հայտնում են նախարարությունից։
Նշենք, որ հեղեղումից մինչ օրս ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) աղետի գոտու խմելու ջրից 280 նմուշառում է կատարել: Մասնագետները շարունակում են նմուշառումներ կատարել նաև հողից և անկած կենդանիներից։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։