Ընդհանուր էներգաշուկաների ձևավորումը ԵԱՏՄ զարգացման կարևորագույն գործոն է․ ՀՀ փոխվարչապետ

Մհեր Գրիգորյանը կարևորել է տրանսպորտային միջանցքների զարգացումը, պարենային անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշներն աճում են, բայց ընդհանուր շուկաների ձևավորման համար, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտ են որակական փոփոխություններ առևտրի բնույթի մեջ։ Բելառուսում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«ԵԱՏՄ զարգացման կարևորագույն գործոնն ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցն է։ Ակնկալում ենք գործընկերների կողմից կառուցողական մոտեցում, ինչը թույլ կտա հաղթահարել առկա որոշ անհամապատասխանություններ և առաջընթաց արձանագրել եվրասիական տարածքում ինտեգրման հայեցակարգում ամրագրված առանցքային սկզբունքների իրականացման գործնական քայլերի շրջանակներում»,- ասել է ՀՀ փոխվարչապետը:
Գրիգորյանը մատնանշել է տնտեսական դրական ցուցանիշները, որոնցով ԵԱՏՄ-ն մոտենում է իր առաջին տասնամյակի ամփոփմանը։
«Սակայն հիմնական նպատակին հասնելը՝ ընդհանուր շուկայի ձևավորումը, կախված է ոչ այնքան ԵԱՏՄ անդամների փոխադարձ առևտրի ծավալային ցուցանիշներից, որքան դրա որակական բնութագրերից»,- նշել է նա:
ԵԱՏՄ զարգացման ինստիտուտները կարևոր նախագծեր են իրականացնում Հարավային Կովկասում. Օվերչուկ
Ի թիվս այլ հրատապ խնդիրների՝ Մհեր Գրիգորյանն առանձնացրել է տրանսպորտային միջանցքների զարգացումը, միասնական նախագծերին աջակցելու համար ֆինանսական մեխանիզմների զարգացումը, ինչպես նաև պարենային անվտանգության ապահովման ուղիների կատարելագործումը:
Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհուրդը ներառում է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներին և վերահսկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների կատարումը:
2015 թվականին ստեղծված ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:
Իրանը ԵԱՏՄ–ին կից դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել