Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով. սա վերջին 8 տարիների ամենաբարձր ցուցանիշն է

Սևանա լիճ
Տավուշում և Լոռիում մեկ գիշերվա ընթացքում ամսական նորմայի 40-60 տոկոսի չափով տեղումներ են գրանցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Մայիսին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով, որը վերջին 8 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։ Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Հորդառատ անձրևները դրական ազդեցություն են ունեցել Սևանա լճի ջրի մակարդակի վրա։ Եթե 2024թ․հունվարի 1-ի դրությամբ լճի մակարդակը 1900․17 մ էր, ապա մայիսի 14-ից մակարդակը սկսել է բարձրանալ և հունիսի 4-ի դրությամբ կազմել է արդեն 1900․58 մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ բարձր է 10 սմ-ով։
«Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2024թ․ հունվարի 1-ից հունիսի 3-ը ներառյալ կազմել է 121 մլն 627 հազար խմ, որը կրկնակի շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- նշեց Ազիզյանը։
Նա հավելեց, որ եթե նախորդ տարի մայիսի 14-ից էր սկսվել Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը,ապա այս տարի ջրառի անհրաժեշտություն չի եղել։
Ջրամբարներում էլ արդեն 302 մլն խմ-ով ավելի ջուր է կուտակվել։
Ինչպես է փոխվել Սևանա լճի մակարդակը վերջին 11 տարում
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենն անդրադարձավ նաև Տավուշի և Լոռու մարզերում մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը դիտված ինտենսիվ տեղումներին, որոնց հետևանքով Դեբեդ և Աղստև գետերի ջրի մակարդակները կտրուկ բարձրացել են՝ նախորդող օրվա համեմատ 2-3 մետրով։
«Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում մայիսի 26-ի առավոտյան ջրի գնահատված ելքը կազմել է 650 մ3 /վ, մինչդեռ նախորդող օրը երեկոյան այն կազմել էր 119 մ3 /վ»,- ասաց Ազիզյանը։
Նա նշեց, որ մեկ գիշերվա ընթացքում ամսական նորմայի 40-60 տոկոսի չափով տեղումներ են գրանցվել։
Սևանա լճից դուրս են բերել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց