ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պատրաստ է ընդունել Բագրատ սրբազանին, սակայն ոչ լրագրողների ներկայությամբ, բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը, շարժման մասնակիցների հետ, երթով հասել է ՄԻՊ գրասենյակի շենքի մոտ։
Սրբազանը հայտարարեց, որ իրենք այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի իրենց հարցումներին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե՞ այլոց։
«Իմացանք, որ ՄԻՊ խոսնակը գալիս է հանդիպման։ Հիմա տեսեք տարբերությունը. բոլոր գերատեսչությունների դիմաց ոստիկանական ահռելի շարքեր էին, ՄԻՊ-ի դիմաց չկան։ Կա՛մ Մարդու իրավունքների պաշտպանն իրենց աչքում կարևորություն չունի, կա՛մ ուզում են ցույց տալ, որ ՄԻՊ-ը իրոք ծառայում է մարդկանց»,–ասաց Բագրատ սրբազանը։
ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը մոտեցավ ակցիայի մասնակիցների ու հայտարարեց, որ Մանասյանը պատրաստ է Բագրատ սրբազանին և մինչև 4 անձի ընդունել, լսել նրանց և տալ հուզող հարցերի պատասխանը, բայց առանց լրագրողների։
Բագրատ սրբազանն էլ իր հերթին նշեց, որ առնվազն 3 լրատվամիջոց պետք է ներկա լինի հանդիպմանը, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի։
Հիշեցնենք՝ շարժման կողմնակիցները երեկ ակցիա էին իրականացնում Քննչական կոմիտեի մոտ։
Հայաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։