ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանն ու Սերբիան նախատեսում են պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովի Ցվետկովիչին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին (նստավայրը՝ ք. Թեհրան) և նրանց հետ քննարկել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:
Քննարկվել են նաև ԶՈւ բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: