ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը մտադիր է երկու տարում որակի վերահսկման, լաբորատոր ստուգումների և շուկայավարման համակարգ ստեղծել հայկական կոնյակի նոր միջազգային բրենդի՝ Armenian Brandy-ի համար: Այսօր ԱԺ-ում 2023թ․ բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ լսումների ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով եվրաինտեգրման ծրագրերի մասին։
Պապոյանը նշեց, որ նոր անվանման մասին եվրոպական կողմին տեղեկացվել է դեռ 2023 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ-ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի 5-րդ նիստի ժամանակ։
2 տարվա ընթացքում Եվրամիությունը համակարգերի ստեղծման համար պետք է հատկացնի 2,9 միլիոն եվրո։ Նախարարը հայտնեց, որ գործընթացի մեկնարկն արդեն տրված է։
«Կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ նոր անվանումով հայկական կոնյակը գրանցվի որպես աշխարհագրական նշում, այսինքն՝ Armenian Brandy-ն արդեն որպես բրենդ լինի, պաշտպանված լինի, ունենա հստակ չափորոշիչներ, արտադրության որակի հսկողության և վերահսկողության ճշգրիտ մեխանիզմներ, որին պետք է ենթարկվեն հայկական կոնյակի բոլոր արտադրողները՝ առանց բացառության, ովքեր կօգտագործեն աշխարհագրական նոր անվանումը»,- ասաց Պապոյանը։
Նա շեշտեց՝ սա նշանակում է, որ բացառվելու է անորակ կոնյակի արտադրության և առավել ևս արտահանման որևէ հնարավորություն։