ԵՄ–ն պատրաստ է օգնել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները վերացնելու գործում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին
Փաշինյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, Արևելյան գործընկերության ծրագրին, տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Եվրամիությունը պատրաստ է օգնել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները վերացնելու գործում։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այդ մասին ասել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Միխայիլ Զիբերթը ԵՄ անունից զորակցություն է փոխանցել Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհերի կապակցությամբ, նաև պատրաստակամություն հայտնել ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն վերականգնողական աշխատանքներում»,– ասված է հաղորդագրությունում:

Վարչապետն իր հերթին կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը, երկկողմ օրակարգով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումը: Փաշինյանն ընդգծել է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, տեխնոլոգիական, զբոսաշրջության ոլորտներում կապերի զարգացման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, Արևելյան գործընկերության ծրագրին, տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ