ԵԱՏՄ-ի տնտեսական ցուցանիշներն աճում են՝ չնայած պատժամիջոցներին․ Միշուստին

Միխայիլ Միշուստին
Ռուսաստանի վարչապետը հավելել է, որ միության ստեղծման պահից փոխադարձ առևտրի ծավալն աճել է գրեթե երկու անգամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշներն աճում են՝ չնայած Ռուսաստանի և Բելառուսի վրա աճող պատժամիջոցային ճնշմանը: Այս մասին ընդլայնված կազմով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Միության ստեղծման պահից ի վեր փոխադարձ առևտրի ծավալն աճել է գրեթե երկու անգամ, գյուղատնտեսական արտադրությունը՝ ավելի քան մեկ քառորդով, իսկ արդյունաբերական արտադրությունը՝ ավելի քան քսան տոկոսով։ Ընթացիկ եռամսյակում այս երկու ցուցանիշները ավելացրել են համապատասխանաբար ևս մոտ 1,5% և 5,5%-ով»,-ասել է Միշուստինը։
Նախորդ տարվա արդյունքներով «հնգյակի» համախառն ներքին արդյունքն աճել է 3,8 տոկոսով՝ առաջ անցնելով աճի համաշխարհային տեմպերից, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների դրական դինամիկա է նկատվում «հնգյակի» բոլոր պետություններում:
«Կայուն կերպով բարձրանում է իրական աշխատավարձը, նվազում են գործազրկության ցուցանիշները։ Եվ այս ամենը՝ արտաքին անբարենպաստ կոնյունկտուրայի, միջազգային հարաբերությունների նոր ճարտարապետության ձևավորման ֆոնին։ Եվ աճող պատժամիջոցների ճնշման, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Բելառուսի վրա»,-ընդգծել է Միշուստինը։
Այս ֆոնին նա ընդգծել է է ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի, ԲՐԻԿՍ-ի, Ասիայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի երկրների հետ ԵԱՏՄ-ի կապերի ընդլայնման կարևորությունը, ներկայումս ընթանում է Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի պայմանագրերի մշակումը, բանակցություններ են ընթանում Մոնղոլիայի հետ:
Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) նիստն անցկացվում է Բելառուսի Նեսվիժ պատմական քաղաքում։ Նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական ինտեգրման խորացման հարցերը, ներառյալ տրանսպորտային ենթակառուցվածքը, մաքսասակագնային կարգավորումը և կլիմայական օրակարգը: