ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Չինաստանից դեպի Հայաստան երթուղին շատ խոստումնալից է, բայց հայաստանյան ընկերությունների բեռնատարների համար այդ երթուղում որոշակի խոչընդոտներ կան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը` մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկի» նոր երթուղով բեռնափոխադրումների կազմակերպման առաջին փորձը։
Հայտնել ենք, որ մայիսի 31-ին մետաքսի ճանապարհով Չինաստանի Շանհայ քաղաքից Երևան էր հասել առաջին բեռնատարը՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Այս երթուղին ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մի մասն է։ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր։
«Շատ ողջունելի ու դրական փաստ է, քանի որ Չինաստանի ուղղությամբ մենք էլ ենք ցանկացել զբաղվել մի քանի տարի շարունակ։ Այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են, բայց խնդիրն այն է, որ ինքնարժեքը մի քիչ բարձր է ստացվում հայկական մեքենայով բեռնափոխադրում կատարելու դեպքում։ Ճիշտ է, մենք դիտարկել ենք Ռուսաստանով անցնող երթուղին, այսինքն` Չինաստանից մեքենան բերում է մինչև Ղազախստանի սահման, այնտեղից բարձվում է մեր մեքենայի մեջ, ապա Ղազախստանից գալիս է Ռուսաստան, Վրաստան, Հայաստան։ Մեր դիտարկած երթուղին սա է, որի ինքնարժեքը բարձր է։ Բայց միևնույն է, շատ խոստումնալից երթուղի է»,– ասել է Աղդայանը։
«Սպայկայի» ներկայացուցչի խոսքով` նոր երթուղին շատ ավելի կարճ է, քան ՌԴ–ով անցնող ճանապարհը, և այս առումով շատ ավելի ձեռնտու է փոխադրողների համար։ Բայց հայաստանյան ընկերություններն այս ճանապարհից չեն օգտվում, քանի որ խնդիր ունեն Ուզբեկստանի և Թուրքմենստանի տարածքով տարանցման դեպքում։ Աղդայանի խոսքով` ՀՀ–ն Ուզբեկստանի հետ չունի միջազգային փոխադրման պայմանագիր, և հայաստանցի գործարարների համար պարզ չէ` կարո՞ղ են իրենք մուտք գործել այդ երկրի տարածք, թե՞ ոչ։ Թուրքմենստանի դեպքում էլ տարանցման թույլտվություն կա, բայց այստեղ էլ վիզայի խնդիր է ծագում։
«Ճանապարհը շատ ձեռնտու է, եթե իմ նշած այդ երկու խնդիրները լուծվեն։ Մենք պետք է հաշվարկենք, թե ինչ ծավալ պետք է ունենանք, ինչ խնդիրներ պետք է հաղթահարենք, ինչ ծավալի մեքենաներ պետք է տրամադրենք, որպեսզի հասկանանք`արժե վիզա հանել, թե ոչ, կամ քանի հոգու համար է պետք հանել։ Ընդհանրապես վիզայի հարցն արդեն ինքն իրենով խոչընդոտ է»,– ասել է նա։
Ինչ վերաբերում է առաջին փոխադրման տևողությանը (20 օր), «Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավարը նկատում է, որ դա բավական երկար ժամանակ է այդ ճանապարհի համար։ Ուստի նա չի բացառում, որ փոխադրողը, թերևս, ինչ–որ խոչընդոտներ է ունեցել ճանապարհին, որոնց վրա հավելյալ ժամանակ է ծախսել։ Կարեն Աղդայանի հաշվարկով` եթե բոլոր խոչընդոտները վերացվեն, ճանապարհի տևողությունն առնվազն կիսով չափ կկրճատվի։
«Պետք է ՏԿԵՆ–ի հետ համապատասխան աշխատանքներ տարվեն, որպեսզի հասկանանք, թե ինչ խոչընդոտների է հանդիպել ղազախական մեքենան, ու, բնական է, որ մենք էլ կհանդիպենք։ Պետք է փորձենք լուծել դրանք, որպեսզի ժանապարհի տևողությունը կրճատվի։ Օրինակ` սառնարանային բեռի համար 20 օրը շատ երկար ժամանակ է։ Բացի այդ, ժամանակը նաև ապրանքի ինքնարժեքն է ավելացնում»,– ասել է մասնագետը։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունները կարևորում են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի այս երթուղով բեռնափոխադրումների շարունակականության ապահովումը։
ՀՀ իշխանությունը նաև հայտարարել է, որ նախագծի շրջանակում Հայաստանը պատրաստ է 7 անցակետ տեղադրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին, նաև վերականգնել երկաթուղային 130 կմ երկարությամբ 4 հատվածները։
Ֆինանսների նախարարության նախնական գնահատականներով՝ «Խաղաղության խաչմերուկի» ամբողջական կառուցումը Հաաստանի համար 500 մլն դոլար կարժենա։