ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հաղորդումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ ստուգման, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Արթուր Հովհաննիսյանը մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից նշել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր՝ «կարմիր գծեր» անցնող հայտարարություններով ամեն ինչ անում է, որ ևս մեկ անգամ իր քթի վիրահատությանը անդրադառնա։
Բանն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ, վնասվածք էր ստացել նաև պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի քիթը վիրահատեցին։
«Եվ ահա, ըստ էության, Արթուր Հովհաննիսյանը միգուցե իր այս հայտարարությամբ փորձել է հասկացնել Գեղամ Մանուկյանին, որ «կարմիր գիծը» չհատի, այլապես քիթը կրկին կկոտրեն ու ստիպված կլինի երկրորդ անգամ այն վիրահատել»։
«Հայաստան» խմբակցության պատգամավորները ակնհայտ սպառնալիքի մասով դիմել են գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով, որն էլ դատախազությունը ուղարկել է Քննչական կոմիտեին՝ հաղորդումը ստուգելու, գրում է պարբարականը։