Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց. Արարատ Միրզոյանը` ընդդիմությանը

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարին արձագանքեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը` նշելով, թե ինչպես են պատկերացնում արցախցիների վերադարձը իրենց հայրենիք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդդիմությանը կոչ է անում կողմնորոշվել Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարություններ անելիս։ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ նա ցանկացավ իմանալ, թե ընդդիմությունը «վերադարձ Լեռնային Ղարաբաղ» ասելով ինչ պայմաններ է առաջարկում։
«Արդյո՞ք դրանք այն պայմաններն են, որ պատրաստ է և առաջարկում է պաշտոնական Բաքուն։ Գիտեք նարատիվը` մեծ հաշվով նույն օրենքներ, նույն միջավայր, ինչպես այլ տեղերում ապրող ադրբեջանցիների համար, թե՞ դա ինքնավարություն է Ադրբեջանի կազմում, թե՞ դա անկախ ԼՂ է։ Դուք ի՞նչ եք ուզում։ Դա անկա՞խ ԼՂ է, թե՞ էն ստատուս քվոն, որը կար 2019-ին։ Հասկանո՞ւմ եք կամ պատրա՞ստ եք սա անել առնվազն 4 հազար զոհի գնով։ Դուք առաջարկ արեք հանրությանը։ Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց ձեր հերթական վարչապետի թեկնածուն է ասում, զինվորականները պետք է մեռնեն, էդ էլ իրենց գործն է։ Բառացի չէ, բայց իմաստը չեմ նենգափոխում։ Դա էլ է մոտեցում, բայց այդ դեպքում ո՞նց եք ասում՝ 5 հազար զոհ տվեցիք, դրա համար մեղավոր եք։ Մի հատ կողմնորոշվեք»,- ասաց նախարարը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, արձագանքելով Միրզոյանին, նշեց, թե վերադարձը դիտարկում են միջազգային իրավունքին համապատասխան, ոչ թե ռազմական գործողություններով։
«Այո՛, միջազգային իրավունքի և երաշխիքների ներքո արցախահայությունը, Արցախի ժողովուրդը վերադառնալու, իր հայրենիքում, իր պատմական, արմատներով, հայրենիքում ապրելու իրավունք պետք է ունենա այն երաշխիքներով, որ որոշակի ինքնավարության աստիճան պետք է լինի»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Միրզոյանն ի պատասխան նշեց` ընդդիմությունը ԼՂ–ում ինքնավարության մասին է խոսում, այն էլ այն պայմաններում, երբ այնտեղ այլևս հայ չկա Բաքվի գործողությունների հետևանքով։
«Երբ ԼՂ-ում հայեր կային, և մենք առաջարկում էինք իջեցնել նշաձողն անկախությունից և խոսել այդ տեսակ հարցերի մասին, մեզ ասում էին դավաճան, թրքաբարո»,– ասաց արտգործնախարարը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր` Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է, որովհետև չենք առերեսվել այն պարզ իրողության հետ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք Ադրբեջանի կազմում։
Կարգավիճակի հարցում նշաձողը փորձեցինք իջեցնել հենց ԼՂ–ի հետ համաձայնեցված. Փաշինյան