Վրացական երազա՞նք, թե՞ հայկական պատրանքներ. ՀՀ–ն պահուստային տարբերա՞կ է Արևմուտքի համար

Ցուցարար
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հարավային Կովկասի գործընթացներին վերաբերող թեմաները հայկական վերլուծական նյութերում մի փոքր նվազել են, թեև հարևան Վրաստանի իրադարձությունները կարող են ուղղակի ազդեցություն ունենալ տարածաշրջանում ՀՀ-ի դիրքավորման վրա:
Sputnik

Արման Աբովյան. Sputnik Արմենիա

Եվ այսպես, Վրաստանն արդեն մի քանի ամիս է ցնցվում է բողոքի ակցիաներով` երկրի խորհրդարանի կողմից ընդունված, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» պատճառով։
Անմիջապես վերապահում անենք․ «օտարերկրյա գործակալների մասին» վրացական օրենքը, իսկ ավելի ճիշտ՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը գործնականում պատճենվել է օտարերկրյա գործակալների գրանցման մասին 1938 թվականի ամերիկյան օրենքից (Foreign Agents Registration Act, FARA)։
Օրենքը օտարերկրյա գործակալներից պահանջում է հրապարակել այլ պետությունների հետ իրենց շփումներն ու օտարերկրյա դրամաշնորհների և ուղղակի (ոչ թափանցիկ) ֆինանսական ներարկումների միջոցով ՀԿ-ների գործունեության և ֆինանսավորման մասին տեղեկատվությունը:
«Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» վրացական օրենքի նախագծի համաձայն՝ Վրաստանում օտարերկրյա գործակալներ պետք է հայտարարվեն այն ՀԿ-ները, ԶԼՄ-ները և ֆիզիկական անձինք, որոնց գործունեության ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորվում է արտերկրից: Օրենքը չկատարելու համար նախատեսված է ոչ միայն վարչական տուգանք, այլև ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով:
Թվում է, թե միանգամայն հասկանալի և տրամաբանական օրենք է, որը «եկել է» Արևմուտքից։
Բայց ոչ, վրացական դրամաշնորհային կազմակերպություններն ու արևմտամետ քաղաքացիները դուրս են եկել Թբիլիսիի փողոցներ՝ պահանջելով չեղարկել օրենքի ընդունումը՝ պնդելով, թե տվյալ օրենքն իբր «սպասարկում է ռուսների շահերը» և «ոտնահարում է շարքային վրացիների իրավունքներն ու ազատությունները»։
Սակայն Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մնաց անսասան և ոչ միայն օրենքն ընդունեց իր խորհրդարանական մեծամասնությամբ, այլև հաղթահարեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն։
«Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» կողմնակիցների փաստարկը պարզ է. եթե երկիր փողեր են մտնում քաղաքականության և սոցիալական ոլորտի համար, ապա պետությունը պետք է իմանա, թե ուր են գնում այդ փողերը:
Սակայն Վրաստանի ամերիկացի և եվրոպացի գործընկերները միացել են օրենքի ընդունումը թույլ չտալու գործընթացին և նույնիսկ սպառնացել են արմատապես վերանայել հարաբերությունները պաշտոնական Թբիլիսիի հետ։
Իրավիճակն անհեթեթության այն աստիճանին է հասել, որ եվրոպական պետությունների որոշ պաշտոնյաներ ժամանել են Թբիլիսի՝ մասնակցելու հակակառավարական հանրահավաքներին։
Պետք է նաև ընդգծել, որ չնայած հավաքական Արևմուտքի և Վրաստանի միջև հարաբերությունների կտրուկ սրմանը, վրացական իշխանությունները հաստատեցին ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրենց ցանկությունը և վերահաստատեցին դեպի ՆԱՏՕ իրենց ձգտումները:
Հարցն այն է, որ վրացական իշխանությունները տվյալ դեպքում առաջնորդվում են բացառապես Վրաստանի շահերով՝ անգամ իրենց արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների սրման գնով։
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ նախագահը դավաճանել է հայրենիքին
Կհարցնեք՝ ի՞նչ կապ ունի Հայաստանը։
Նախ արձանագրենք, որ ՀՀ իշխանությունները գործում են արևմտյան վեկտորի հետ իրենց քաղաքական շփումները նկատելիորեն մեծացնելու տրամաբանությամբ և նույնիսկ դե յուրե լինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ (այսինքն՝ Արևմուտքի կարծիքով թշնամական ինտեգրացիոն կառույցների) անդամ, այնուամենայնիվ խորացնում են շփումները Արևմուտքի հետ։
Բանը հասել է նրան, որ Հայաստանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և հայ ժողովրդի իբր «եվրոպական ընտրության» մասին գաղափար է ստեղծում (ի դեպ, հայ ժողովրդին իր իբր «եվրոպական ընտրության» մասին ոչ ոք չի հարցրել):
Դե, իսկ Հայաստանում եվրոպացի դիտորդների տարօրինակ ներկայության մասին արդեն բավական շատ է խոսվել, որպեսզի հասկանանք, որ այստեղ նրանք ոչ այնքան հայ-ադրբեջանական սահմանի դիտարկման տեխնիկական առաքելություն են կատարում (ի դեպ, թե իրականում ինչ և ինչի համար են «դիտարկում», այդպես էլ անհասկանալի է մնում), այլ Արևմուտքի քաղաքական նախագիծն են հանդիսանում՝ Հայաստանում իրենց ազդեցությունն ամրապնդելու համար։
Այսինքն՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում մենք մի կողմից տեսնում ենք հարաբերությունների սրացում հավաքական Արևմուտք VS Վրաստան գծով, իսկ մյուս կողմից՝ հավաքական Արևմուտքի քաղաքական ազդեցության կտրուկ աճ Հայաստանում։
Անշուշտ, հավաքական Արևմուտքը Վրաստանի և Հայաստանի հետ իր հարաբերությունները դիտարկում է նախևառաջ երեք ուղղություններով։ Դա Ռուսաստանի հետ դիմակայությունն է, Իրանի վրա ճնշում գործադրելու համար հարավկովկասյան թևի ձևավորումը և լոգիստիկ երթուղիների վերահսկումը, որոնք անցնելու են Հարավային Կովկասի տարածաշրջանով՝ շրջանցելով ռուսների և իրանցիների ազդեցությունը (այսպես կոչված՝ թուրանական գոտին)։
Եվ այստեղ միանգամայն տրամաբանական հարց է առաջանում։
Հնարավո՞ր է, որ հավաքական Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես ինչ-որ պահուստային տարբերակ իր ծրագրերի իրականացման համար, եթե հանկարծ Վրաստանը շարունակի շարժվել իր ազգային շահերի պաշտպանությամբ՝ առանց եվրոամերիկացիների կարծիքը հաշվի առնելու։
Այս հարցին մենք կկարողանանք պատասխանել 2024 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ Վրաստանում տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները։
Շանտաժ է․ Վրաստանի իշխող կուսակցությունը՝ ԱՄՆ–ի սպառնալիքների մասին