Ծեծում էին «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով. Դանիել սարկավագ

Դանիել սարկավագ Գևորգյան
Վնասվածքներ ստացած հոգևորականին հիվանդանոց են տեղափոխել 3 ժամ ոստիկանությունում պահելուց հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Արտաքին գործերի նախարարության մոտ օրեր առաջ տեղի ունեցած հավաքի ժամանակ վնասվածքներ ստացած, ապա բերման ենթարկված Դանիել սարկավագ Գևորգյանը Քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիայի ժամանակ պատմեց, թե ինչպես են կարմիրբերետավորներն ուժ կիրառել իր նկատմամբ և վստահեցրեց` ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են։
Նշենք, որ Դանիել սարկավագ Գևորգյանի նկատմամբ մայիսի 31-ին ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ կարմիրբերետավորները բռնի ուժ էին կիրառել, ապա բերման ենթարկել։ Շուրջ 3 ժամ անց նրան ազատ էին արձակել ու վերջինս վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
«Այս ամբողջ ընթացքում վստահ էի, որ հոգևորականներին մատով չեն կպնի կամ վատ արտահայտություն չեն անի։ Պարզվում է, որ ստի ու կեղծիքի այս իշխանությունն ամեն ինչի պատրաստ է։ Ինձ ոստիկանապետը ինձ ասաց, որպեսզի որպես հոգևորական կոչ անեմ քաղաքացիներին բախման չգնալ։ Հենց պտտվեցի դեպի ժողովուրդը՝ սկսեցին ինձ հարվածել։ Ամենացավալին այն էր, որ առանց իմանալու` հայր սուրբ եմ, թե ոչ, ուղղակի ծեծելու ընթացքում ասում էին` «հայ սուրբ, հայր սուրբ»։ Չէի կարողանում հավատալ, որ նման արտահայտություն են անում։ Այժմ վստահ եմ` նրանք ամեն ինչի պատրաստ են»,– նշեց Դանիել սարկավագը։
Հայաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։