ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Իսրայելի կառավարության և ՀԱՄԱՍ-ի անդամները Շվեյցարիա այցելելու դեպքում կձերբակալվեն, եթե Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) որոշի նրանց ձերբակալելու օրդեր տալ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի խորհրդարանի հայտարարությունը։
«Շվեյցարիան կկատարի իր միջազգային պարտավորությունները, եթե ՄՔԴ-ն Իսրայելի կառավարության անդամների և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալման օրդեր տա։ Կառավարությունն այդ պարտավորությունը ստանձնել է հունիսի 3-ին»,-ասված է փաստաթղթում։
Մայիսի 20–ին ՄՔԴ–ի գլխավոր դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ Պաղեստինում տիրող իրավիճակի հետ կապված ձերբակալման օրդեր ստանալու դիմումներ է ներկայացրել նախնական վարույթի պալատ։ Ըստ նրա` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ–ի ղեկավար Յահյա Սինվարը, «Ալ–Կասսամ բրիգադ» կազմակերպության ռազմական թևի հրամանատար Մուհամմեդ Ադ–Դեյֆը և ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան պատասխանատվություն են կրում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր իրականացված պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների համար: