ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանի տարբեր համայնքներում գտնվող շենքեր են առանձնացվել են, որպեսզի այնտեղ վերակառուցման աշխատանքներ իրականացվեն, ինչից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված 1000-ից ավելի անձի ապահովեն սոցիալական բնակարանով: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին բնակարաններով ապահովման համար առաջարկ արեց։ Նա ընդգծեց` մարզպետարաններին անհրաժեշտ է հանձնարարել, որպեսզի ներկայացնեն տարիներ շարունակ չզբաղեցված բնակտարածքները, որոնք որպես սոցիալական բնակարաններ հնարավոր է տրամադրել տեղահանված անձանց:
Ի պատասխան` նախարարը հիշեցրեց բռնի տեղահանված անձանց համար իրականացված կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերի մասին: Նա նշեց փոխվարչապետի համակարգմամբ գործող միջգերատեսչական աշխատանքային խմբի մասին, որի շրջանակում քննարկվել է նաև պատգամավորի բարձրացրած հարցը:
«Հնարավոր է, որ լինեն մարդիկ, որոնք օբյեկտիվ պատճառներով չկարողանան մասնակցել այն ծրագրին, որը դրել ենք սեղանին, բնակարան ձեռք բերել ու կառուցել: Եվ մենք ունենք նաև սոցիալական բնկարանի առանձին բաղադրիչ: Այս պահի դրությամբ շուրջ 7 տարբեր համայնքում գտնվող շենքեր հիմա առանձնացրել ենք, նախահաշվարկային գործընթացները կանենք և կսկսենք ակտիվ վերանորոգման, վերակառուցման աշխատանքները, որտեղ կկարողանանք 1000-ից ավելի նմանատիպ կարգավիճակ ունեցող մարդկանց հյուրընկալել՝ որպես սոցիալական բնակարանի շահառու: Դրանից հետո կսկսենք ուսումնասիրությունը, այլ շենքերով կընդլայնենք»,– ասաց Մկրտչյանը:
Նա շեշտեց, որ 70-ից ավելի տարբեր շենք-շինության ցանկ են ստացել և դրանք պետք է ֆիլտրեն, ինչից հետո կհասկանան: Ընդգծեց` խոսքը ոչ թե չբնակեցված բնակարանների մասին է, այլ տարբեր շինությունների, որոնք հնարավոր է վերափոխել սոցիալական բնակարանների:
Բնակարանային ապահովության ծրագիրն արդեն իսկ հաստատվել է կառավարության ծրագրով, մինչև հունիսի 15-ը պետք է լինի կարգի հաստատումը:
Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց, որ ծրագրի շահառու լինելու համար պետք է դիմել ու ստանալ քաղաքացիություն, քանի որ շահառու կարող են լինել բացառապես ՀՀ քաղաքացիները: