ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Մեքսիկայում իշխող կոալիցիայի թեկնածու Կլաուդիա Շեյնբաումը վստահ հաղթանակ է տանում երկրի նախագահի ընտրություններում:
INE Ազգային ընտրական ինստիտուտի տվյալներով՝ Շեյնբաումը հավաքում է ձայների 57,27%-ը, նրա մրցակցուհին՝ «Ուժ և սիրտ հանուն Մեքսիկայի» ընդդիմադիր կոալիցիայից Սոչիտլ Գալվեսը՝ 30%-ը, երրորդ թեկնածուն՝ Քաղաքացիական շարժման առաջնորդ Խորխե Ալվարեսը՝ 10,37%-ը։ Մասնակցությունը, ըստ մշակված տվյալների, կազմել է 59,80%։
Մեքսիկայի գործող նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն արդեն շնորհավորել է նրան հաղթանակի կապակցությամբ:
«Այսօր փառքի օր է, քանի որ Մեքսիկայի ժողովուրդն ազատ և ժողովրդավար կերպով որոշել է, որ Կլաուդիա Շեյնբաումը կդառնա առաջին կին նախագահը մեր հանրապետության 200 տարվա անկախ կյանքի ընթացքում», - գրել է Մեքսիկայի նախագահը X սոցիալական ցանցում:
Կիրակի օրը գրեթե 100 միլիոն մեքսիկացիներ կարող էին քվեարկել համընդհանուր ընտրություններում, որտեղ որոշվում են ապագա նախագահը, կոնգրեսի կազմը, մի շարք նահանգների նահանգապետեր և տեղական իշխանություններ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 20 հազար պետական պաշտոններ:
Օբրադորի կառավարման տարիներին Մեքսիկայում աճել է հանցավորության մակարդակը, ակտիվացել են թմրակարտելները: Սա ազդել է նաև նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա․ սպանվել է տարբեր պաշտոնների առնվազն 37 թեկնածու, այդ թվում՝ նախագահի թեկնածու։
Մեքսիկայում ընտրությունների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն ձայների հաշվարկից հետո, որը կտևի հունիսի 5-8-ը:
Քվեարկության հաղթողը որոշվում է մեկ փուլով՝ հարաբերական մեծամասնության համակարգով. նախագահ է դառնում այն թեկնածուն, ով հավաքել է մյուսներից ավելի շատ ձայն: Վեց տարի ժամկետով ընտրված նախագահի երդմնակալությունը տեղի կունենա ընտրությունների օրվանից չորս ամիս անց՝ 2024-ի հոկտեմբերի 1-ին, դաշնային գործադիր իշխանության փոխանցման օրը: