Լոռիում տուժած համայնքների բնակիչների համար 2 ուղղությամբ մարդատար մեքենաներ կաշխատեն

Լոռին հեղեղումներից հետո
Ալավերդու համայնքապետ խոսքով` այս պահի դրությամբ մարդկանց տեղափոխման հարցը լուծվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Լոռու մարզում հեղեղումներից տուժած համայնքների բնակիչների տեղաշարժն ապահովելու համար հունիսի 4–ից առավոտյան և երեկոյան ժամերին երկու ուղղությամբ մարդատար մեքենաներ կաշխատեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։
«Վաղվանից Շամլուխից դեպի Ախթալայի փլուզված կամուրջ և Քարկոփից (Ճոճկանով, Այրումով) դեպի Ախթալայի փլուզված կամուրջ կաշխատեն մարդատար մեքենաներ։ Բնական է, որ մարդիկ պետք է ոտքով անցնեն կամուրջները»,–ասաց նա։
Ղումաշյանը հավելեց` ժամանակավոր հավաքովի կամուրջներ կառուցելու առաջարկություններ կան տարբեր երկրներից, մասնավորապես` Իրանից։
«Իմ տեղեկություններով` ինտենսիվ քննարկումներ է գնում, թե որտեղից է ճիշտ բերել, որ ավելի արագ և որակով լինի։ Այլընտրանքային ճանապարհ ունենք, որ շատ բարդ ճանապարհ է միայն ամենագնաց մեքենաների համար, խորհուրդ ենք տալիս մեր բնակիչներին միայն ծայրահեղ դեպքերում օգտվել ճանապարհից»,–ասաց համայնքապետը։
Մեղավորը միայն անձրևները չեն. Ալավերդի համայնքի ղեկավարը` հեղեղումների մասին
Պատասխանելով հարցին, թե արդյոք այսքանից հետո մարդիկ կկարողանան ապրել տուժած համայնքներում, Ղումաշյանը պատասխանեց, որ չնայած ինքը մասնագետ չէ ու միանշանակ չի կարող այդ հարցին պատասխանել, բայց վստահեցրեց` իրենք ամեն ինչ կանեն, որ մարդիկ շարունակեն ապրել իրենց բնակավայրերում։
Նա նշեց, որ այժմ քննարկվում է բնակիչներին շինանյութեր տրամադրելու հարցերը, որպեսզի իրենք իրենց ուժերով վերանորոգեն տները։
«Եթե մենք համաձայնության գանք կառավարության հետ, և տրամադրվի շինանյութ, համայնքապետարանն էլ կկազմի նախագծեր, որպեսզի շինությունները միանման լինեն, մեծ ու փոքր չլինեն։ Բայց համայնքի բնակիչներն իրենց ներդրումը պարտադիր պետք է ունենան»,–ասաց համայնքապետը։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ