«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը

Բեռնատար. արխիվային լուսանկար
Հայաստանի իշխանությունները լայնածավալ տրանսպորտային նախագծի մասին հայտարարեցին անցյալ տարվա աշնանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակում մայիսի 31-ին Չինաստանի Շանհայ քաղաքից Երևան է հասել առաջին բեռնատարը՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրես» գործակալությունը` նշելով, որ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր։
Առաջին բեռնատարի դիմավորման միջոցառմանը մասնակցել են ՀՀ–ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը, Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։
Անդրադառնալով միջոցառման կարևորությանը և Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նշանակությանը` ՀՀ տարածքային կառուցվածքների և ենթակառուցվածքների նախարարությունից նշել են, որ ՀՀ կառավարության կողմից մշտապես կարևորվել են տրանսպորտային փոխկապակցվածության և տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը»,-այս մասին նշեցին:
Նախարարությունից հավելել են, որ համապատասխան մեխանիզմներ մշակվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:
Հիշեցենք` Վրաստանում անցկացված «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։
Նախագծի շրջանակում Հայաստանը պատրաստ է 7 անցակետ տեղադրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին։ Ադրբեջանի հետ՝ Կայան (Տավուշ) գյուղի մոտ, Սոթքում (Գեղարքունիք), Քարահունջի և Անգեղակոթի մոտ (Սյունիք), Երասխում (Արարատ), Թուրքիայի հետ՝ Ախուրիկի (Շիրակ) և Մարգարայի (Արմավիր) հատվածներում։
Բաքուն ու Անկարան թույլ չեն տա, որ Հայաստանը խաղաղության խաչմերուկ դառնա. քաղաքագետ
Երևանը նախատեսում է հանրապետության տարածքում վերականգնել նաև ընդհանուր 130 կմ երկարությամբ երկաթուղային 4 հատվածները։ Դրանք են՝ Նռնաձոր-Ագարակ հատվածը (43 կմ), Երասխ-Նախիջևան (1 կմ), Գյումրի-Թուրքիայի սահման (6 կմ), Հրազդան-Կայան (80 կմ)։
Ֆինանսների նախարարության նախնական գնահատականներով՝ «Խաղաղության խաչմերուկի» ամբողջական կառուցումը 500 մլն դոլար կարժենա։