Կենսաթոշակառուների մոտ 50%-ն արդեն հետվճար է ստանում. նախարարը` հետագա ծրագրերի մասին

Հետվճարից օգտվում են արդեն 240 հազար թոշակառուներ, բայց իշխանությունները մտադիր են չեղարկել այն մի շարք ապրանքների, մասնավորապես` ծխախոտի և ալկոհոլի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանում արդեն 240 հազար կենսաթոշակառու (ընդհանուր թվի մոտ 50%-ը,– խմբ.) օգտվում է քեշբեքից (հետվճար), և մինչև տարվա վերջ իշխանությունները նախատեսում են նրանց մասնակցությունը ծրագրին հասցնել առավելագույնի: Այս մասին հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը 2023-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության լսումների ժամանակ։
Համեմատության համար նշենք, որ 2022-ի վերջին՝ ծրագրի գործողության առաջին 6 ամիսներին (այն մեկնարկել է 2022-ի հուլիսի 1-ին), դրան մասնակցել է շուրջ 66 հազար թոշակառու, հիշեցրել է նախարարը։
Հնարավոր է` կենսաթոշակային քարտերով «քեշբեքի» համակարգը 2024–ից կիրառվի ՀՀ բոլոր բանկերում
Նա մեջբերել է նաև անկանխիկ գնումների մոնիտորինգի վերաբերյալ վերջին տվյալները, որոնցով պարզվել է, որ ամենից շատ կենսաթոշակային քարտերից գնում են ծխախոտ և բենզին: Ի սկզբանե քեշբեքը չէին ցանկանում տարածել ծխախոտի և ալկոհոլի վրա, բայց այդ ժամանակ չի հաջողվել մշակել անհրաժեշտ լուծում, որը չէր հաշվարկի քեշբեքը որոշակի խմբերի ապրանքների գնումից: Նախարարի խոսքով՝ այժմ, հնարավոր է, կհաջողվի լուծում գտնել։
Գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ այս տարվանից հետվճարից օգտվել են ավելի շատ թոշակառուներ (և սոցիալական նպաստ ստացողներ, որոնց վրա այն նույնպես տարածվում է): Հունվարի 1-ից քարտին գումարի վերադարձը (կենսաթոշակից կամ նպաստից անկանխիկ գնումների 10%-ի չափով) ամբողջությամբ ֆինանսավորում է կառավարությունը (այլ ոչ թե 50/50 բանկերի հետ, ինչպես նախկինում): Դրանից հետո ծրագրին միացել են հանրապետության գրեթե բոլոր բանկերը։
Հայաստանցի թոշակառուների մոտ 25 տոկոսը փոխել են «Միր» քարտերը պատժամիջոցների պատճառով
Նշենք, որ ապրիլից ծրագիրը դադարել է գործել «ՎՏԲ-Հայաստան» բանկի կենսաթոշակային քարտերի համար, քանի որ հայկական ArCa վճարահաշվարկային կենտրոնը դադարել է սպասարկել այդ բանկի կողմից տրամադրվող «Միր» քարտերը:
Դրանից հետո թոշակառուների զգալի մասը սկսել է քարտեր բացել այլ բանկերում, քանի որ ավելի վաղ «ՎՏԲ Հայաստանի» միջոցով կենսաթոշակ էր ստանում շուրջ 113 հազար մարդ (երկրի թոշակառուների գրեթե 25%-ը):