ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Վերջին տարիներին դեպի Հայաստան միջազգային փոխանցումների թիվը էականորեն նվազել է։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Մոտ մեկ տասնամյակ առաջ դրամական փոխանցումների տեսակարար կշիռը մոտավորապես 18 % էր մեր ՀՆԱ–ի մեջ, իսկ հիմա դա միանիշ թիվ է»,–ասաց Գալստյանը։
Նրա խոսքով` դրան նպաստող մի քանի գործոն կա։ Ըստ ԿԲ նախագահի` գործոններից մեկը աշխարհաքաղաքական զարգացումներն են։
«Մեր աշխատուժի համար տրադիցիոն աշխատանքի վայրը եղել է Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանից և այլ երկրներից եկող դրամական փոխանցումների հարաբերակցությունը մոտավորապես եղել է 80/20»,–ասաց Գալստյանը։
Նրա խոսքով, Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունն են ունենում այդ ցուցանիշի վրա։
Երկրորդ գործոնը, ըստ Գալստյանի, հայկական դրամով արտահայտված աշխատավարձերի և ռուսական ռուբլով արտահայտված աշխատավարձերի տարբերության էական նվազումն է։
«Այսինքն մարդը, որ, օրինակ, զբաղված է շինարարական ոլորտում, եթե աշխատանք իրականացնի ՌԴ–ում կամ ՀՀ–ում, աշխատավարձի տարբերությունը բավականին փոքր է լինելու, որի արդյունքում ՀՀ բնակիչների համար Ռուսաստանում աշխատելու գայթակղությունն ու գրավչությունը բավականին նվազել է»,–ասաց նա։
Երրորդ գործոնն էլ պայմանավորված է ռուս–ուկրաինական կոնֆլիկտի արդյունքում այն հսկայական դրամական փոխանցումներով, որոնք մուտք են գործել ՀՀ 2022-ին։
ԿԲ նախագահը շեշտեց՝ այն պիկերը, որ ունեինք 2022 թվականին, որոշակիորեն հաղթահարվեցին, այն, ինչ մենք հիմա ունենք, բնականոն վիճակն է։