ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Իսրայելը պատրաստ է 42 օրով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, սակայն չի դադարեցնի պատերազմը, քանի դեռ չի հասել իր առջև դրված բոլոր նպատակներին: Այս հայտարարությունն արել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտաքին գործերի և պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ փակ զրույցի ժամանակ։
«Պատանդներին վերադարձնելու համար մենք կարող ենք 42 օրով դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն չենք հրաժարվի լիակատար հաղթանակի հասնելուց»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Նեթանյահուի գրասենյակը հրապարակել է այդ հանդիպման ժամանակ հնչած հայտարարություններից մեկը, որում Նեթանյահուն հերքում է լուրերն այն մասին, թե իրենք պատրաստ են կրակը դադարեցնել առանց իսրայելական պայմանների կատարման։
«Այն պնդումը, թե մենք համաձայնել ենք հրադադար հաստատել առանց մեր պայմանների կատարման, չի համապատասխանում իրականությանը»,-ասել է Իսրայելի վարչապետը:
«Kan» ռադիոկայանի տեղեկություններով՝ վարչապետը նկատի է ունեցել Գազայի հատվածում խաղաղության հասնելու և պատանդներին ազատելու մասին ծրագիրը, որն օրերս ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։